ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մայիսի 5-ին քաղաքական ուժերը կհնձեն այն, ինչ ցանել են

Մայիսի 5-ին քաղաքական ուժերը կհնձեն այն, ինչ ցանել են
02.05.2013 | 15:56

Իշխանությունը ԲՀԿ-ին հերթական մեսիջն ուղարկել է այսօր: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում հարցումների նկատմամբ անվստահության մասին բազմիցս արտահայտվել են ընդդիմադիր գործիչները, այսօր հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցումների արդյունքները: Ասվել է, թե ԲՀԿ-ն, ամենայն հավանակությամբ, երկրորդ տեղում է լինելու ձայների քանակով` Հանրապետականից հետո: Ըստ այդ հարցումների` «Բարև, Երևանը» 8 տոկոսի կարող է հավակնել, ապա` ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն են 6-ական տոկոսով, իսկ «ամենածանր» վիճակում ՀԱԿ-ն-է, ասել է Ադիբեկյանը:
ԲՀԿ-ն ոչ իշխանական երեք ուժերի հետ այս օրերին բանակցությունների մեջ է`ընտրություններից հետո միավորվելու և միասնական քաղաքապետ ընտրելու հարցի շուրջ: Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկին, թե հիմա համաձայնություն տանք միավորվելու համար, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը տվել է իր բաժին համաձայնությունը: Իրականում ԲՀԿ-ն ինչպես նման համաձայնություններ տալիս է, այնպես էլ նույն հեշտությամբ մոռանում է դրանց մասին, և հարց է, թե մայիսին 6-ին ինչ դիրքորոշում կունենա «Բարգավաճը»: Համենայնդեպս, Ադիբեկյանի ակնարկած երկրորդ տեղի հավանականությունը կարող է ԲՀԿ-ի` ՀՀԿ-ի հանդեպ «քարացած» սիրտը ջերմացնել` ընդդիմադիրների հետ անհեռանկար միավորման կողքին:
Ըստ հրապարակված հարցումների «Բարև, Երևանն» էլ կմտնի ավագանի երրորդ տեղով: Նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանի համառությունը` իշխանության հետ չհաշտվելու և սեփական խաղը տանելու, Հովհաննիսյանի նոր իդեան` «Նոր Հայաստան» ֆորմատով ու դրա կոնտեքստում մարզային այցելություններով կարող են իսկապես իշխանությանը հարկադրել վերահաշվարկելու որոշ կանխատեսումներ: Դե, իսկ ՕԵԿ-ն ու դաշնակցությունն էլ «իրենցն» են: Առաջինին որպես կցորդ, իսկ երկրորդին որպես հին ընկեր իշխանությունը հնարավորություն կտա ավագանի մտնելու: Դե, իսկ ՀԱԿ-ը, եթե իսկապես փոքրաթիվ անդամներով մտնի, ապա գուցե դասեր առնի ևս մեկ անգամ, որ «բուրժույներին» վստահելը նույնն է, ինչ գելի հետ չոբանության գնաս:
Այսօր ԲՀԿ հանրահավաքն է, ու կարող են մեսիջներ հղվել իշխանությանը, կամ գուցե անդրկուլիսյան հանդիպումներ հանրահավաքից առաջ կամ հետո, որից հետո պարզ կդառնա, թե երկրորդ տեղում ով կլինի`ԲՀԿ-ն, թե «Բարև, Երևանը»:
Քարոզարշավին մեկ-երկու օր մնաց, ու մայիսի 5-ին ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը կհնձեն այն, ինչ ցանել են: Բերքը հավաքելու ժամանակ միայն կարելի է հասկանալ, թե որքան լավ ես փխրեցրել հողը, ինչ որակի սերմացու ես ցանել և արդյոք հետևե՞լ ես պարարտանյութի օգտագործման կանոններին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ